Թողած Կարսում...


Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է Կարս քաղաքում, 1897 թվականի մարտի 13-ին: «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ: Չարենցը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ 40 տարեկան հասակում:




                                        Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և  ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի
Ես - հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ - մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ

Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Հովհաննես Շիրազ...

Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր