Ջեկ Լոնդոն Սպիտակ Ժանիք


Ջոն Գրիֆֆիտ «Ջեկ» Լոնդոն (իրական անունը՝,Ջոն Գրիֆֆիտ Չեյնի
հունվարի 12, 1876, Սան Ֆրանցիսկո - նոյեմբերի 22, 1916, Գլեն Էլլեն, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիք», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները։
Նա պրոֆմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, որպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը։





Սպիտակ ժանիք

«Սպիտակ Ժանիք» (անգլ.՝ White Fang), Ջեկ Լոնդոնի արկածային վեպը, որի գլխավոր հերոսն է հանդիսանում Սպիտակ Ժանիք մականունով գայլը։ Ստեղծագործությունը առաջին անգամ հրատարակվել է «The Outing Magazine» ամսագրի մի քանի համարներում՝ 1906 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր ամիսները։ Գրքում պատմվում է 19-րդ դարի վերջերին Ալյասկայի Ոսկե տենդի ժամանակներում ընտելացված գայլի ճակատագրի մասին։ Ընդ որում, ստեղծագործության մեծ մասը ցույց է տրված կենդանու աչքերով, և, մասնավորապես, Սպիտակ Ժանիքի։ Վեպում նկարագրվում է մարդու և կենդանիների միջև տարբեր վարքի և փոխհարաբերությունների մասին՝ բարի և չար։


Սյուժե

Սպիտակ Ժանիքի հայրը գայլ էր, իսկ մայրը՝ Կիչին, կիսով չափ գայլ, կիսով չափ շուն։ Նա ծնվել է Հյուսիսային Ծայրամասում և միակ ողջ մնացածն էր ծնվածներից։ Հյուսիսում հաճախ ստիպված էին լինում քաղցած մնալ և դա էլ նրա քույրերի և եղբայրների մահվան պատճառն էր։ Հայրը՝ միաչքանի գայլը, շուտով զոհվում է լուսանի հետ անհավասար մարտում։ Գայլուկը և մայրը մնում են միայնակ։
Աշխարհը լի է անակնկալներով և դեպի ակունքն ընկած ճանապարհին գայլուկը հանդիպում իրեն անհայտ արարածներին՝ մարդկանց։ Պարզվում է նա տեր ունի՝ Մոխրագույն Կուղբը։ Մոխրագույն Կուղբը նորից դառնում է Կիչիի տերը։ Նրան է այժմ պատկանում նաև գայլուկը, որին նա տալիս է Սպիտակ Ժանիք անունը։ Սպիտակ Ժանիքին դժվար է հարմարվել հնդկացիների բնակատեղում նոր կյանքին՝ նա ստիպված է անդադար պաշտպանվել շների հարձակումներից, ստիպված է խստորեն հետևել մարդկանց կանոններին, որոնց նա համարում է աստվածներ, հաճախ կոպիտ, երբեմն արդարացի։
Առաջացնելով իր եղբայրակիցների և մարդկանց մոտ միայն ատելություն և մշտապես հակամարտելով բոլորի հետ, Սպիտակ Ժանիքը զարգանում է արագ, բայց միակողմանի։ Բնակավայրի տեղափոխման ժամանակ Սպիտակ Ժանիքը փախչում է, բայց, մնալով մենակ, զգում է վախ և միայնություն։ Հալածվելով դրանցից, նա փնտրում և գտնում է հնդկացիներին։ Սպիտակ Ժանիքը դառնում է լծկան շուն։ Որոշ ժամանակ անց նրան դնում են լծվածքի գլխամասում, որը ավելի է ուժեղացնում նրա եղբայրակիցների ատելությունը դեպի նրան, որոնց նա ղեկավարում է կատաղի անդրդվելիությամբ։
Տքնաջան առխատանքը լծվածքում ավելի է ամրապնդում Սպիտակ Ժանիքի ուժերը և նրա մտավոր զարգացումը հասցնում է ավարտին։ Դեպի մարդուն նվիրվածությունը նրա համար դառնում է օրենք և ազատության մեջ ծնված գայլուկից առաջանում է շուն, որում շատ է գայլայինը, բայց և այնպես, նա շուն է այլ ոչ թե գայլ։ Մի անգամ՝ հարբեցնելով Մոխրագույն Կուղբին, Սիրունիկ Սմիթը նրանից գնում է Սպիտակ Ժանիքին և դաժանագույն հալածանքներով նրան ստիպում է հասկանալ թե ով է նրա նոր տերը։ Սպիտակ Ժանիքը ատում է այդ խելացնոր աստվածին, բայց ստիպված է հպատակվել նրան։
Սիրունիկ Սմիթը Սպիտակ Ժանիքին դարձնում է իրական պրոֆեսիոնալ մարտիկ և կազմակերպում է շնային մարտեր։ Բայց բուլդոգի հետ մարտը քիչ էր մնում Սպիտակ Ժանիքի համար դառնար ճակատագրական։ Բուլդոգը՝ կառչելով նրա կրծքավանդակից և սեղմելով ծնոտները, կախվում է նրանից, ատամներով աստիճանաբար դեպի վեր բարձրանալով և ուղղվելով դեպի կոկորդը։ Տեսնելով, որ մարտը պարտված է, Սիրունիկ Սմիթը, կորցնելով բանականության մնացորդները, սկսում է ծեծել Սպիտակ Ժանիքին և ոտքերով հարվածել նրան։ Շանը փրկում է մի բարձրահասակ, երիտասարդ տղամարդ՝ եկվոր ինժեներ Ուիդոն Սթոքի հանքերից։ Ատրճանակի փողի օգնությամբ բանալով բուլդոգի ծնոտները, նա Սպիտակ Ժանիքին ազատում է մրցակցի մահացու բռնվածքից։ Այնուհետև շանը փրկագնում է Սիրունիկ Սմիթից։
Սպիտակ Ժանիքը շուտով ուշքի է գալիս և նոր տիրոջը ցուցադրում է իր զայրույթը և ատելությունը։ Սակայն Սքոթին բավարարում է համբերություն շանը փաղաքշանթով վարժեցնելու և դա Սպիտակ Ժանիքի մոտ վերածնում է այն նույն զգացմունքները, որոնք նիրհել էին և կիսով չափ մարել էին նրա մոտ։ Այնուհետև նրա նոր տերը նրան տանում է Կալիֆորնիա։ Կալիֆորնիայում Սպիտակ Ժանիքը պետք է հարմարվի լիովին նոր պայմաններին և դա նրան հաջողվում է։ Կոլլի հովվաշունը, որն երկար ժամանակ զայրացնում էր նրան, վերջի վերջո դառնում է նրա ընկերուհին։
Սպիտակ Ժանիքը սկսում է սիրել Սքոթի երեխաներին, նրան դուր է գալիս նաև Ուիդոնի հայրը՝ դատավորը։ Դատավոր Սքոթին հաջողվում է Սպիտակ Ժանիքին պաշտպանել մի դատապարտյալի՝ անուղղելի հանցագործ Ջիմ Հոլլիի ոճիրից։ Սպիտակ Ժանիքը ատամներով բռնում է Հոլլին, բայց վերջինս շան վրա արձակում է երեք գնդակ։ Գոտեմարտի արդյունքում շան մոտ առաջանում է ետին թաթի և մի քանի կողերի կոտրվածք։ Երկարատև ապաքինումից հետո Սպիտակ Ժանիքից հանում են բոլոր փաթաթանները և նա, որորվելով, դուրս է գալիս արևոտ մարգագետին։ Եվ շուտով նրա և Կոլլիի մոտ հայտնվում են փոքրիկ, սիրասուն ձագուկներ։


Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Հովհաննես Շիրազ...

Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր