Գաբրիել Սունդուկյան.Պեպո
Կենսագրություն
Գաբրիել Սունդուկյանը
ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականին հունիսի 11 (29)։ Սունդուկյանը սկզբնական
կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին
ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։
1846 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան
բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս
և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի
համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս
նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական
դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի
Ներսիսյան դպրոցում։ 1853-1858 թվականներին ապրել և աշխատել է Դերբենդում։ Սունդուկյանը գրել
է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի
ու դրության կոմիզմ։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ,
չափի զգացումով։ 1858–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի
երկաթուղային վարչությունում։ Գաբրիել Սունդուկյանը վախճանվել է 1912 թվականին և թաղվել
է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում։
Բովանդակություն
Բաղկացած է երեք արարվածից
կամ գործողությունից, որոնցից առաջինը և վերջինը կատարվում են Պեպոյի, իսկ երկրորդը՝
Զիմզիմովի տանը։ Արարվածներն իրենց հերթին բաժանվում են տեսիլների կամ տեսարանների։
Գործողությունը տեղի է ունենում Թիֆլիսում 1870-ական թվականներին։ Գործող
անձերն են հարուստ վաճառական Արութին Զիմզիմովը, նրա կինը՝ Էփեմիան, ձկնորս Պեպոն,
Պեպոյի մայրը՝ Շուշանը և քույրը՝ Կեկելը, Զիմզիմովի ծառաները՝ Գիգոլին և Սամսոնը։
Սյուժե
Կատակերգության սյուժեն հետևյալն է. Կեկելին նշանել են՝ փեսացուին խոստանալով
հարյուր թուման, այսինքն՝ հազար ռուբլի օժիտ։ Պեպոյի հանգուցյալ հայրը ժամանակին
այդ գումարը պահ էր տվել Զիմզիմովին, բայց բարաթը, այսինքն՝ պարտքը հաստատող
մուրհակը, կորել էր։ Զիմզիմովն ուրանում է պարտքը, և օժիտը չստանալու պատճառով
փեսացուն հրաժարվում է Կեկելից։ Դա մեծ անպատվություն էր Կեկելի և նրա հարազատների
համար։
Ընդհարում է տեղի
ունենում Պեպոյի և Զիմզիմովի միջև։ Զիմզիմովը զրպարտության մեղադրանքով սպառնում է
բանտարկել տալ նրան։ Սակայն գտնվում է բարաթը, պարզվում է, որ այդ բարաթի վրա թել
են փաթաթում, երեխան այդ թելով խաղալիս է լինում և հանկարծ գտնում է բարաթը և
Զիմզիմովը խայտառակությունից փրկվելու համար փորձում է հաշտվել Պեպոյի հետ՝
խոստանալով պարտքից մի քանի անգամ ավելի փող։ Բայց Պեպոն չի ուզում հաշտվել. նա
գերադասում է գնալ բանտ և դուրս գալուց հետո Զիմզիմովից լուծել բոլոր նրանց վրեժը,
ում խաբել ու գռփել է նա։ Պեպոն հասկանում է, որ ինքը մենակ չէ, որ իր նման
հարյուրավորներին է կողոպտել Զիմզիմովը։ Նա ամեն գնով ուզում է բացահայտել խաբեբա
վաճառականի իսկական դեմքը։
Comments
Post a Comment